Ինչպես կերակրել կրծքով COVID-19 համավարակի ընթացքում
COVID-19-ը ամբողջությամբ փոխել է շատ ամերիկացիների կյանքը։ Ինչպես գրիպի և այլ շնչառական պաթոգենների դեպքում, նոր տիպի կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19, մեկ անձից մյուսին է փոխանցվում օդակաթիլային եղանակով։ Բայց քանի որ այս վիրուսը բոլորովին նոր է, նույնիսկ մասնագետները չգիտեն հիվանդության փոխանցման բոլոր ձևերը: Քանի որ վիրուսի մասին դեռևս շատ բան անհայտ է, անհանգստության և վախի զգացումները նորմալ են, և կարող են մասնավորապես բարձր լինել կրծքով կերակրող մայրերի մոտ:
Մասնագետների կարծիքով, կրծքի կաթը, ինչպես միշտ, սննդի լավագույն աղբյուրն է մանուկների համար։ Դրա իմունոլոգիական հատկությունները պաշտպանում են նորածիններին բազմաթիվ հիվանդություններից:
Ստորև ներկայացված են որոշ ցուցումներ COVID-19-ի բռնկման ընթացքում կրծքով կերակրման վերաբերյալ։
Չնայած հայտնի չէ, թե արդյոք վիրուսը կարող է COVID-19 ունեցող մայրերից փոխանցվել երեխային կրծքի կաթի միջոցով, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խրախուսում են բոլոր մայրերին, ովքեր ցանկանում են, կրծքով կերակրել իրենց նորածիններին:
Քչաթիվ հետազոտությունների ընթացքում, որոնցում ընդգրկված են եղել մեկ այլ կորոնավիրուս՝ ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS), ունեցող կանայք, վիրուսը չի հայտնաբերվել կրծքի կաթում: Չինաստանում վեց մայրերից բաղկացած մի խումբ, որոնց մոտ COVID-19-ի թեստի արդյունքը դրական է եղել, հետազոտության են ենթարկվել ծննդաբերությունից հետո։ Այդ հետազոտության արդյունքները, որոնք վերջերս հրատարակվել են The Lancet-ում, ցույց չեն տվել կորոնավիրուսի առկայություն մայրերի կրծքի կաթի, պորտալարի արյան, ամնիոտիկ հեղուկի կամ նորածինների կոկորդից վերցված քսուքի մեջ։
Չնայած այս հարցի վերաբերյալ առկա անհանգստություններին՝ Children’s Hospital Los Angeles-ի Միջազգային խորհրդի կողմից վկայագրված կրծքով կերակրման խորհրդատու (IBCLC) Ամանդա Ռեյեսը (Amanda Reyes) մայրերի մոտ չի նկատել կրծքից ավելի վաղ կտրման դեպքերի աճ COVID-19-ի բռնկումից հետո։
«Կրծքով կերակրող մայրերը շարունակում են ունենալ միևնույն դժվարություններն ու խոչընդոտները, ինչ COVID-19-ից առաջ», - նշում է Ռեյեսը: «Չնայած բոլոր անորոշություններին՝ մայրերին միանշանակ խորհուրդ է տրվում շարունակել կրծքով կերակրել երեխային»:
Կրծքով կերակրող մայրը, որն ունի նոր տիպի կորոնավիրուսի ախտանշաններ կամ COVID-19-ի թեստի դրական արդյունք, պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները, որպեսզի խուսափի վիրուսի փոխանցումից նորածնին՝ հետևելով CDC-ի այս ցուցումներին․
- Եթե կերակրում եք անմիջապես կրծքով, նախքան երեխային դիպչելը լվացեք ձեռքերը և դրեք դիմակ։
- Եթե հանում եք կրծքի կաթը կթիչ պոմպի միջոցով, ապա պոմպի որևէ մասին կամ կաթի հավաքման շշերին դիպչելուց առաջ լվացեք ձեռքերը և յուրաքանչյուր օգտագործումից հետո հետևեք պատշաճ մաքրման խորհուրդներին։
- Հնարավորության դեպքում՝ ցանկալի է, որ հավաքված կրծքի կաթով երեխային կերակրի այլ առողջ անձ։
Կրծքով կերակրել սկսելու կամ շարունակելու որոշումը անհատական է ցանկացած ծնողի համար և պետք է ընդունվի բուժաշխատողի հետ միասին: Կան բազմաթիվ առցանց ռեսուրսներ, որոնք նույնպես կարող են օգտակար լինել, ինչպես օրինակ՝ կրծքով կերակրման դասեր, աջակցության խմբեր և կրծքով կերակրման վերաբերյալ վիրտուալ խորհրդատվություններ:
Ռեյեսը խրախուսանքի հետևյալ խոսքերն է ուղղում մտահոգ ծնողներին․ «Դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Ձեր հարցերով դիմեք պրոֆեսիոնալ առողջապահական կազմակերպություններին։ Ձեզ շրջապատեք այլ անձանց խմբով՝ պահպանելով անվտանգ սոցիալական հեռավորություն, որոնք ձեզ կաջակցեն էմոցիոնալ, ֆիզիկական և հոգեկան առումներով։ Ձեր երեխայի աչքերում՝ դուք կատարյալ եք»։